Սիրիան ոչ մի կերպ չի խաղաղվում: Հալեպի նահանգում քուրդ զինյալները հրետանակոծել են բոլոր այն տարածքները, որ վերահսկվում են թուրքամետ ստորաբաժանումների կողմից: Փետրվարի 4-ի ողջ օրը թիրախի տակ էր հատկապես Աֆրինի վարչական կենտրոնի տարածքը: Նշվում է, որ ռումբերն ընկել են Շարիաթի դպրոցի շենքի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել է ևս մեկը: Թուրքամետ զինյալները պատասխան գրոհի են անցել: Իսրայելական 9TV-ի փոխանցմամբ՝ կան զոհեր, բայց մանրամասներ չեն հաղորդել:
Իդլիբի հարավ-արևելքում շարունակվում են կատաղի բախումները Սիրիայի կառավարական ուժերի և զինյալ ահաբեկիչների միջև: MAAN-ի փոխանցմամբ՝ կառավարական ուժերին հաջողվել է ջիհադիստներից ազատագրել Ջուդայդա, Թել-Խաթրա և Թուվայլ ալ-Խալիբ գյուղերը: Օրվա ընթացքում մի շարք լրատվական գործակալություններ փոխանցեցին, որ վերջին մարտերի ընթացքում առնվազն 87 իսլամիստ է չեզոքացվել:
Ցամաքային մարտերը վարվում են Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի օդուժի հսկման պայմաններում: Իսկ Masarpressnet հեռուստաալիքը փոխանցեց, որ ՌԴ ռազմական ինքնաթիռները հարվածներ են տեղացել Իդլիբի նահանգի Սարմինի հարևանությամբ թաքնված գրոհայինների ու նրանց զինապահեստների ուղղությամբ: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Ի դեպ, ռազմական գործողություններից բացի, չի դադարում նաև տեղեկատվական ու դիվանագիտական պատերազմը: Մասնավորապես, Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ կապված ահաբեկչական խմբավորումների կողմից երկրի նավթագազային օբյեկտների և ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումների հետ:
SANA-ի մեջբերմամբ՝ ԱԳՆ ուղերձում ասվում է, որ ապօրինի զինված խմբավորումների վերջին ահաբեկչական հարձակումը եղել է Ար-Ռայյան բենզալցակայանի, Կենտրոնական շրջանում՝ Էբլա գազի գործարանի վրա: Բացի այդ, Հոմսում նավթավերամշակման գործարան է հրետանակոծվել:
ԱԳՆ-ն նշել է, որ վայրագությունները տեղի են ունեցել միաժամանակ Հալեպում, Իդլիբում, Համում և Լաթակիայում: Ընդ որում, ակտիվացել են նաև քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործողությունները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիական անձինք:
ԱԳՆ-ն ընդգծում է, որ այս ամենը տեղի է ունենում թուրքական ռեժիմի անմիջական աջակցությամբ, որն այս խմբավորումներին լոգիստիկ աջակցություն է ցուցաբերում:
Արտաքին գերատեսչությունն իր վրդովմունքն է հայտնում այն առիթով, որ բոլոր այս հանցագործությունները չեն քննարկվում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակում և միջազգային այլ կազմակերպություններում: Իսկ որ ամենակարևորն է՝ դրանք տեղի են ունենում ԱՄՆ-ի ղեկավարությամբ և արևմտյան հայտնի երկրների քաղաքական ու տեղեկատվական աջակցությամբ: Շեշտվում է, որ լրատվամիջոցները կեղծ լուրեր են տարածում Սիրիայի կառավարության դեմ՝ ճշմարտությունն աղավաղելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով:
Ուղերձի ամփոփման մեջ նշվում է, որ բոլոր այս երկրները պետք է ստանձնեն բարոյական և իրավական պարտավորություններ, իսկ Անվտանգության խորհուրդը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկի ահաբեկչական խմբավորումների և նրանց տերերի նկատմամբ, որոնք խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սպառնում համաշխարհային անվտանգությանը: