Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-7-ը Նիդեռլանդների Թագավորության Հաագա քաղաքում է: Աշխատանքային այցի առաջին հանդիպումը Քրեական արդարադատության հարցերով համագործակցության ԵՄ գործակալության (Եվրաջասթի) նախագահ Լադիսլավ Համրանի հետ կայացել է այսօր:
Նախարարը գործընկերոջը տեղեկացրել է արդարադատության ոլորտում վերջին զարգացումների և բարեփոխումների օրակարգի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերել են դատական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ուղղություններին:
Եվրաջասթի նախագահը ներկայացրել է կառույցի գործառույթները և նախարար Բադասյանի հետ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող կոնկրետ հարցեր՝ հատկապես ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի նպատակով: Միաժամանակ, կողմերն ընդգծել են նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի կարևորությունը և անդրադարձել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման նախապատրաստմանը:
Արդարադատության նախարարը Եվրաջասթի նախագահին հրավիրել է Հայաստան: