ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին նշանակել Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լիպարիտ Դրմեյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով.
Լիպարիտ Դրմեյանին նշանակել վարչապետի աշխատակազմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար»։
Փաշինյանը որոշում է ստորագրել նաև Վահան Պապիկյանին վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Վահան Պապիկյանի դիմումը՝
1. Վահան Պապիկյանին նշանակել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ (պաշտոնի ծածկագիր՝ 06-14-Ղ1-1)։
2. Վահան Պապիկյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- նշված է որոշման մեջ: