«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր դարձավ 35 տարեկան: Չնայած ֆուտբոլային «պատկառելի» տարիքին՝ Կրիշտիանուն շարունակում է հրաշալի խաղ ցուցադրել և թարմացնել ռեկորդների իր անվերջանալի շարքը:
Պորտուգալացին իր կարիերայի ընթացքում խաղացել է «հին աշխարհամասի» տարբեր հատվածներում՝ Լիսաբոնի «Սպորտինգում», «Մանչեսթր Յունայթեդում», «Մադրիդի Ռեալում»:
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է: Պորտուգալիայի հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի առաջնության և Ազգերի լիգայի հաղթող: Նա Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 168 խաղում դարձել է 128 գոլի հեղինակ:
Լեգենդար ֆուտբոլիստի հոբելյանի առթիվ մենք հավաքել ենք հետաքրքիր փաստեր նրա մասին:
Նա նախագահի անունն է կրում
Ռոնալդուի լրիվ անունը Կրիշտիանու Ռոնալդու Դուշ Սանթուշ Ավեյրու է։ Իր երկրորդ անունը Կրիշտիանուն ստացել է ի պատիվ ԱՄՆ-ի այդ ժամանակ գործող նախագահ Ռոնալդ Ռեյգանի։ Դրա պատճառն այն է, որ ապագա աստղի հայրը Ռեյգանի դերասանական տաղանդի մեծ երկրպագուն էր։
Բազմազավակ հայր, բայց ոչ ամուսին
Թեև 26-ամյա Ջորջինա Ռոդրիգեզի հետ Ռոնալդուն հանդիպում է 2016-ից, և 2017-ին նրանք ունեցել են դուստր՝ պորտուգալացի ռմբարկուն դեռ Ջորջինային ամուսնության առաջարկ չի արել: Զույգը միասին մեծացնում է նաև Կրիշտիանուի երեք երեխաներին, որոնք ծնվել են փոխնակ մայրերից:
Պորտուգալիայի «Տարվա լավագույն ֆուտբոլիստը»
Պորտուգալիայում Ռոնալդուն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել չորրորդ մրցաշրջանն անընդմեջ: 2007-ից ի վեր Կրիշտիանուն այս մրցանակը չի ստացել միայն 2 անգամ:
Հայտնի «լացկանը»
Ամենաէմոցիանալ ֆուտբոլիստներից մեկը լինելով՝ Ռոնալդուն չի կարողանում հաճախ թաքցնել իր արցունքները: Պատանեկան տարիներին «Անդորինյա» ակումբում խաղալիս Ռոնալդուի մականունը եղել է «լացկան»՝ The Washington Post-ին պատմել է «Անդորինյա»-ում նրա թիմակից Ռիկարդո Սանտուշը:
«Նրան լացկան էին ասում, քանի որ նա դեռ այդ ժամանակ պաշտում էր հաղթելը, այնպես, ինչպես հիմա: Երբ նա պարտվում էր, կամ երբ մյուսները նրան փոխանցում չէին անում, նա լալիս էր»,- ասել է Սանտուշը:
Կրիշտիանուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է:
Բարեգործը
Ռոնալդուի մարմնին չկա ոչ մի դաջվածք։ Պատճառն այն է, որ Կրիշտիանուն արյան ակտիվ դոնոր է։ 2008-ին նա դարձել է «Կարմիր խաչի հաշիվ» ընկերության դեմքը՝ նկարահանվելով սոցիալական գովազդում՝ «Ես չունեմ դաջվածքներ, քանի որ դրանց առկայությամբ չի կարելի արյան դոնոր լինել» խորագրով։
Կատարյալը
2011-ին Չիչեսթերի համալսարանի գիտնականները խնդրել էին Ռոնալդուին մասնակցել կենսաքիմիական փորձի։ Արդյունքներն ապշեցրել են բոլորին։ Պարզվում է՝ Կրիշտիանուն ցատկում է 44 սմ տեղից, իսկ թափավազքից հետո՝ 78 սմ, ինչը 7 սմ-ով ավելի է NBA-ի բասկետբոլիստի արդյունքից։ Ռոնալդուն չունի վատ սովորություններ։ Ընդհանրապես չի խմում և չի ծխում։
«Մանչեսթր Յունայթեդից» «Ռեալ» Ռոնալդուի տրանսֆերը եղել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերներից մեկը։ Մադրիդյան ակումբը պորտուգալացու համար 90,4 մլն եվրո է վճարել։
Մանկության տարիներին Ռոնալդուն կարող էր թողնել ֆուտբոլը, եթե նրա մայրը չպնդեր, որ որդին տեղափոխվի «Նասիոնալ»։ Այդ ժամանակ Ռոնալդուն յուրաքանչյուր ազատ րոպեն ֆուտբոլ էր խաղում։ Եթե մոտակայքում գնդակ չկար, նա գնդակ էր պատրաստում գուլպաներից։
Ամենահմայիչը
12 երկրի 12 հազար կանանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի ամենահմայիչ ֆուտբոլիստը։
Ամենաշատ հետևորդ ունեցողը
Օրերս հայտնի դարձավ, որ պորտուգալացի ռմբարկուն աշխարհում առաջինն է Ինսթագրամի հետևորդների թվով: Ռոնալդուին հետևում է 200+ միլիոն մարդ: Նա միայն սոցցանցի այս հարթակում գովազդներ տեղադրելով տարեկան ավելի շատ է վաստակում, քան իր ակումբում:
Մարադոնայից հետո Ռոնալդուի կուռքը Լուիշ Ֆիգուն է։
Ռոնալդուն դարձել է իսպանական ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում գոլ է խփել Լա Լիգայի բոլոր թիմերի դարպասները։ Կենդանի լեգենդը իր հերթական ռեկորդին է ձգտում: Նա արդեն հատել է 700 գոլի սահմանը:
Վերջին տասնամյակում ֆուտբոլային աշխարհը լավագույնին ընտրելու խնդրով բազմիցս քննարկել ու համեմատել է ֆուտբոլային գերաստղերին՝ Մեսսիին ու Ռոնալդուին: Այդ համեմատությունից ու մրցակցությունից շահել են միայն ֆուտբոլասերները: Դրա մասին խոստովանել են նաև իրենք՝ 21-րդ դարի ֆուտբոլային գերաստղերը:
Շնորհավո՛ր ծնունդդ, լեգե՛նդ: