82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանը:
Ակադեմիկոս Արամ Շահինյանի գիտական գործունեությունը վերաբերում էր հեղուկ բյուրեղների, մակերևութաակտիվ նյութերի միցելների և կենսաբանական թաղանթների կառուցվածքային անցումների ու նրանց ֆունկցիոնալ հատկությունների փոխադարձ կապին։ Առաջարկել է նշված համակարգերում կառուցվածքային անցումների տեսություն, զարգացրել է քիմիական և կենսաբանական տեղեկագիտական գիտությունների ուղղությունը: Նա 250-ից ավելի գիտական հոդվածների, 3 մենագրության, 1 գրքի հեղինակ էր և 3 գրքի համահեղինակ:
Արամ Շահինյանը մեծ ներդրում է ունեցել իոնական պոլիմերների առաջացման մեխանիզմների և հատկությունների փոխադարձ կապի տեսության ստեղծման գործում: Ստացված արդյունքները դարձել են դասական և օգնել ստեղծել պոլիացետալների արդյունաբերական արտադրություն: Միցելների ջրային լուծույթների ֆիզիկական քիմիայի և էմուլսիոն պոլիմերացման բնագավառում Արամ Շահինյանը մշակել է էմուլսիոն պոլիմերների ստացման մեխանիզմի և հատկությունների վրա համակարգի դինամիկ կառուցվածքի ազդեցության տեսությունը: Մակերեսային ակտիվ միացությունների լուծույթների վերաբերյալ Արամ Շահինյանի կողմից առաջարկված պատկերացումների շնորհիվ զարգացել է նոր գիտական ուղղություն: