ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հանդիպել է Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի (ICMCI – International Council of Management Consulting Institutes) հայաստանյան անդամ կառույցի՝ Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) տնօրեն Սիլվա Մեսրոպյանի հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կայանալիք՝ «Մեծ գործարար կամուրջ» խորագիրը կրող գլոբալ համաժողովի կազմակերպչական աշխատանքների և համատեղ իրականացվող գործողությունների ընթացքը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես միջոցառման պաշտոնական գործընկեր, մեծապես կարևորորում է խորհրդատվական ինստիտուտի զարգացումը Հայաստանում։ «Մեր առաջնահերթությունների շրջանակներում է բիզնեսի զարգացման համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումը, ինչի կարևորագույն բաղադրիչներից է որակյալ ու արդիական խորհրդատվական ծառայությունների առկայությունը: Մենք դեռ բավական աշխատանք ունենք իրականացնելու այս ուղղությամբ՝ միջազգային փորձը, համատեղ նախագծերն ու այլ երկրներում մեր գործընկերների կողմից ներկայացվող գործիքակազմին ծանոթանալը թերևս շուկան զարգացնելու լավագույն միջոցներից են», - նշել է նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:
Համաժողովի անցկացումը Հայաստանում նպատակ ունի խթանելու հայաստանյան խորհրդատվական ծառայությունների շուկան՝ հնարավորություն ընձեռելով խորհրդատվական դաշտի և գործարար միջավայրի ներակացուցիչներին առավել մանրամասն ծանոթանալու փոխգործակցության հնարավորություններին, միջազգային փորձին ու զարգացումներին։
Համաժողովի շրջանակում տեղի կունենա Ասիական Խաղաղօվկիանոսյան հանգույցի երկրների փորձագետների հանդիպումը (Asia Pacific Hub Meeting), որը ICMCI-ի անդամ տարածաշրջանի երկրների տարեկան միջոցառումների մաս է կազմում։
ICMCI-ի անդամ երկրներն են Ավստրիան, Ավստրալիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Նիդեռլանդները, Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Շվեդիան, Շվեյցարիան, այլ երկրներ: