Այսօր ԱՄՆ Սենատում նախատեսված է նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու քվեարկությունը: Վերլուծաբանները վստահ են, որ նախագահի պաշտոնանկության հավանականությունը մեկ տոկոս է: Իսկ մինչ այդ Թրամփը երրորդ անգամ ելույթ է ունեցել Կոնգրեսի առաջ, որը սկսվել է տհաճ միջադեպով: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պետության ղեկավարին չի ներկայացրել՝ «Մեզ համար մեծ պատիվ է ողջունել Միացյալ Նահանգների նախագահին ...» խոսքով: Փոխարենը՝ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հակիրճ ասել է՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ: Այնուամենայնիվ, Փելոսին ձեռքը մեկնել է Սպիտակ տան ղեկավարին՝ ողջունելու համար, բայց Թրամփը ցուցադրաբար այն անտեսել է և ողջունել հանրապետական կոնգրեսականներին:
Մոտ 2 ժամ տևած ելույթում Միացյալ Նահանգների Նախագահը խոսել է իր վարչակազմի տնտեսական նվաճումների մասին, ընդգծել, որ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել «հզոր Ամերիկայի վերադարձը»:
Հակառակ սպասումներին՝ Դոնալդ Թրամփն իր ելույթում ոչ մի խոսք չի ասել հաջորդ օրը Սենատում իր իմփիչմենթի քվեարկության մասին:
Նենսի Փելոսին էլ նախագահի ելույթից հետո ցուցադրաբար պատռել է նրա ելույթի տեքստը: