Ախալքալաքում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է տեղի հայության հետ:
«Ուզում ենք, որ դուք զգաք Հայաստանի Հանրապետության շունչը, զգաք, որ հայրենիքում ձեր մասին մտածում են, հիշում են և շահագրգռված են, որ դուք լինեք Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, օգտվեք բոլոր իրավունքներից, որը ժողովրդավարական Վրաստանը ընձեռում է իր քաղաքացիներին, և ձեր կապը Հայաստանի հետ ամուր պահեք»,- նշել է գլխավոր հանձնակատարը:
Զարեհ Սինանյանն ընդգծել է նաև, որ վրացի գործընկերների հետ հարաբերությունները գնալով սերտանում են, և այդ համագործակցությունը հիմնված է անկեղծության և ազնվության վրա: Այնուհետ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերը վերաբերել են կրթական, սոցիալ-տնտեսական, իրավական ոլորտներին: Հատկապես կարևորվել է սփյուռքահայ ուսանողների համար հայաստանյան համալսարաններում հայագիտական ուղղություններով անվճար տեղերի ավելացման հարցը:
Հանձնակատարը նշել է, որ այժմ հայագիտական ֆակուլտետներում սփյուռքից անվճար հիմունքներով ուսանելու հնարավորություն տրվում է 70 ուսանողի, սակայն այս թիվը բավականին քիչ է: Զարեհ Սինանյանը ներկայացրել է նաև գրասենյակի ծրագրերը, գործունեության ուղղությունները, համոզմունք հայտնել, որ վիրահայության հետ կապը լինելու է մշտական և ավելի է սերտանալու:
Հանդիպումից բացի գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Jnews լրատվական կայքի խմբագրություն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նստավայր, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: