ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ընտանի կենդանիների մորթով զբաղվող քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերը, խնդիրներն ու առաջարկներն են ներկայացրել կենդանիների մորթը սպանդանոցներում կազմակերպելու վերաբերյալ, ինչը Կառավարության որոշմամբ նախատեսված է իրականացնել հուլիսի 2-ից:
Հանդիպմանը մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, մսագործներ, ոլորտի ներկայացուցիչներ Կառավարությունից:
Քննարկման նպատակը, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, նշված գործունեությամբ զբաղվող անձանց մտահոգող խնդիրների լուծման ճանապարհները գտնելն է. ճանապարհներ, որոնք ընդունելի կլինեն շահագրգիռ բոլոր կողմերի համար:
Հանդիպմանը մասնակցել և ոլորտում նախատեսված անելիքների, օրենսդրական նախաձեռնությունների, քաղաքացիների կողմից սպանդանոցներ հիմնելու գործին Կառավարության օժանդակող ծրագրերին են անդրադարձել, ինչպես նաև մսագործների բազմաթիվ հարցերին պատասխանել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Անմիջական զրույցի ընթացքում մսագործները խոսել են իրենց մտահոգություններից, խնդիրներից, արել առաջարկներ:
Արդյունքում որոշվել է շարունակել այսօրինակ հանդիպումները՝ քննարկման հրավիրելով խնդրով շահագրգիռ մյուս կողմերին և ծավալել մասնագիտական ու խորքային քննարկումներ: