«Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 1lurer.am-ին հայտնեց, որ դատախազությունը մասամբ բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդի միջնորդությունը: Անահիտ Բախշյանը խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել:
Այսպիսով քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ նախատեսվում է ԱԱԾ քննչական խմբում ներգրավել նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ:
Բախշյանի մյուս միջնորդությունը մերժվել է: Նա խնդրում էր քրեական գործը փոխանցել քննչական այլ ենթակայության՝ ԱԱԾ-ից հանձնելով ՀՔԾ-ին: «Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին: Համաձայն բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգի՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին, մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել»,- ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը դեկտեմբերի 18-ին դիմել էր գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թ. նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին: