«Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ) և «Առողջ Հայաստանը» փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը աջակցելու է Հայաստանում հիմնադրամի կողմից մշակված և իրականացվող առողջապահական ծրագրերի իրականացմանը՝ դրամահավաք արշավներ կազմակերպելու ուղղությամբ:
«Առողջ Հայաստանը» կապահովի բժիշկների և բուժակների երկարատև, շարունակական ներկայությունը հեռավոր գյուղերում և քաղաքներում, ինչը թույլ կտա բուժաշխատողներին կայուն հարաբերություններ զարգացնել տեղական համայնքների հետ, ստեղծել բարձրորակ առողջապահության կայուն մոդել Հայաստանի ողջ տարածքում: Այս ծրագրի միջոցով մեր հայրենակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու Հայաստանում գյուղական բժշկության զարգացման գործընթացում, իսկ Հայաստանի հեռավոր տարածքները կծառայեն որպես պարարտ հող նորարար գաղափարների համար, որոնք կբարեփոխեն և կբարելավեն Հայաստանի ողջ առողջապահական համակարգը (այդ թվում՝ ամրապնդելով և ընդլայնելով բուժակների մասնագիտական գործունեության շրջանակները)։ Առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր տարածաշրջանները, որտեղ առկա է հիմնական բուժօգնության ծառայության մատուցման պակաս:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ՀՀՀ-ն առողջապահական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։ Այսօր Հայաստանում և Արցախում կա հիմնադրամի կառուցած կամ վերանորոգած 75 բուժհաստատություն: 2015 թվականից ի վեր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանը համագործակցում է «Գլենդեյլ ադվենտիստ» բժշկական կենտրոնի բուժաշխատողների հետ, կազմակերպում նրանց այցը Հայաստան և Արցախ ի նպաստ հայրենի բժշկության զարգացման։ Այս տարիների ընթացքում հազարավոր խորհրդատվություններ և վիրահատություններ են անցկացվել, հիվանդանոցներին տրամադրվել են բարձրորակ և արդի սարքավորումներ և դեղորայք։