Տարին նոր է սկսվում, և National Geographic-ը խորհուրդներ է տալիս ճանապարհորդներին: Պարբերականը կազմել է 20 ամենահետաքրքիր վայրերի ցուցակը՝ Cool List-ը, որում ներառված է նաև Երևանը: Նշվում է, որ նոր երթուղիներ են բացվում դեպի Հայաստանի մայրաքաղաք, աշխարհի հնագույն ու մշտապես բնակեցված քաղաքներից մեկը: Պարբերականը տեղեկացնում է, որ Հայաստան են մուտք գործում եվրոպական ամենամեծ լոուքոսթերները՝ Ryanair-ը և Wizz Air-ը, դեպի Երևան տուրփաթեթներ են առաջարկում նաև Black Tomato and G Adventures զբոսաշրջային հեղինակավոր ընկերությունները: Նրանք կենտրոնանում են ոչ միայն Երևանի հարուստ անցյալի, այլև նրա առանձնահատուկ խոհանոցի և գինու հազարամյա ավանդույթների վրա՝ կապիտալացնելով Մետաքսի ճանապարհի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: National Geographic-ն ընդգծել է, որ հնագույն քաղաքը շարունակ թարմ տեսք է ստանում բարելավված զբոսաշրջային ենթակառուցվածքներով ու բազմաթիվ նոր հյուրանոցներով: Cool List-ում ներառված են նաև Լիբանանը, Սլովենիան, Պանաման, Լիոնը, Եթովպիան, Պուերտո Ռիկոն, Ռիո դե Ժանեյրոն, այլ երկրներ և քաղաքներ: