Հունվարի 30-ի լուսադեմին ոստիկանության էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ գողացել են Նուբարաշենի 11-րդ փողոցի մթերային խանութի վճարահաշվարկային տերմինալը, որի մեջ մի քանի հարյուր հազար դրամ կար։ Այս մասին 1lurer,am-ին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Էրեբունու և Նուբարաշենի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Դեպքից որոշ ժամանակ անց Նուբարաշենի հարակից բարձունքի վրա հայտնաբերվել է գողացված տերմինալը՝ վնասված ու թալանված վիճակում։
Բացահայտման աշխատանքին միացել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, որոնք հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերել։
Փետրվարի 1-ին Երևանի բնակիչներ 28 և 35-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեցին։ Քննությանը հայտնի տվյալներով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից և մարզերից տերմինալներ են գողացել։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։