Սիրիական բանակին Հալեպի նահանգում հաջողվել է որոշակի հաջողությունների հասնել Մանսուր գյուղի ուղղությամբ: Արաբական Al Nour լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետևակային զորքերի առաջխաղացման հետ մեկտեղ, Սիրիայի ռազմաօդային ուժերն ուժեղացրել են հարձակումները «Հայաթ Թահրիր ալ-Շամի» ջիհադականների հենակետերի վրա՝ Քաֆր-Դալ, Մանսուր և Աթարիբ գյուղերի ծայրամասերում: Ըստ SANA-ի՝ բանակի գործողությունները հանգեցրել են մի շարք ահաբեկիչների ոչնչացման, կան բազմաթիվ վիրավորներ, չեզոքացվել են մի քանի ահաբեկչական հենակետեր, զինապահեստներ, առգրավվել է զենք ու զինամթերք:
Դեյր էզ-Զորի նահանգի արևելքում փետրվարի 3-ի կեսօրին անհայտ անձինք սպանել էին Սիրիայի դեմոկրատական ուժերի երեք քուրդ զինյալներին: Ըստ Alk Habur-ի՝ դեպքը տեղի է ունեցել Աբու Հարդուբ գյուղում: «Հայաթ Թահրիր ալ-Շամի» ահաբեկիչներն արդեն երեկոյան ստանձնեցին հարձակման պատասխանատվությունը: Քրդերը խոստացել են վրեժխնդիր լինել:
Սիրիական բանակն իսկական առաջխաղացում է գրանցել Իդլիբի նահանգում՝ կտրելով տեղի «Հայաթ Թահրիր ալ-Շամի» մատակարարման բոլոր ուղիները: Ըստ Step News-ի՝ ծավալված կատաղի մարտերից հետո Ասադի բանակը վերահսկողություն է հաստատել Նայրաբ և Տարնաբա գյուղերում, որտեղ ապաստանած ջիհադիստները, թաքնվելով թուրքական բանակի հենակետերում, խափանում էի Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը: Այս պահին ջիհադականները անկյուն են քշվել, որովհետև Սիրիայի բանակը կտրել է նրանց մատակարարման բոլոր ուղիներն Արիա գյուղից մինչև Սերաքիբ քաղաք, որտեղից էլ հիմնականում օժանդակ ուժեր, սնունդ և զենք էր բերվում: Ի դեպ, Washington Post-ը գրել է, որ սիրիական բանակը ոչնչացրել է նաև թուրքական 3 զինծառայողի: Սիրիական կողմը հերքել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ եթե անգամ ասվածը համապատասխանում է իրականությանը, նշանակում է՝ թուրք զինվորները գործել են ահաբեկիչների հետ միասին:
Հետաքրքիր է, բայց թուրքական կողմից բացի՝ ոչ ոք այլևս չի հաղորդում, այսպես կոչված, թուրքական վրեժխնդրության մասին: Anews.com.tr-ը միայն փոխանցեց, որ Թուրքիայի ԶՈՒ-ն Իդլիբում, իբր, չեզոքացրել է Ասադի բանակի 76 զինվորի:
Սիրիայի ռազմաօդային ուժերը շարունակում են օդից հարվածներ հասցնել՝ Իդլիբի նահանգի Ալ-Բարայի շրջանում թաքնվող ջիհադականներին ոչնչացնելու համար: Իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում ոչ միայն մարդկային կորուտսների, այլև արմատականների ռազմական տեխնիկայի հետ կապված:
Ըստ Alk Habur-ի էլ՝ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն այսօր պարեկություն է իրականացրել նահանգի հյուսիսում՝ Մ-4 մայրուղով և Թել Թամր գյուղի հարևանությամբ անցնող հատվածով: Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը հաղորդել է, որ թուրքական կողմը նախատեսված ժամին չի՛ ժամանել համատեղ պարեկություն անելու համար, և ռուսական կողմն այն իրականացրել է միակողմանիորեն: