Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արշակյանների ընտանիքին:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Սամվել և Արփիկ Արշակյանների որդուն՝ 10-ամյա Ռոմիկին, ախտորոշվել է լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում է ռեմիսիայի շրջանում:
Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, իսկ փետրվարի 15-ը՝ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների՝ քաղցկեղով հիվանդացության խնդիրներին:
Նախագահ Սարգսյանը զրուցել է փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով: Նախագահն ասել է, շատ կարևոր է չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին:
Ռոմիկը պատմել է, որ մարտի 6-ին կդառնա 11 տարեկան: Դպրոց է գնում, ընկերներ ունի, նախասիրություններ: Հանրապետության նախագահը քաջալերել է նրան, պատմել, որ ինքն էլ է անցել այդ ծանր ու դժվար ճանապարհը. «Դու միակը չես աշխարհում և պետք է դիմանաս, ուժեղ լինես: Հետագայում, Աստված գիտի, գուցե 20 տարի հետո դու ևս նախագահ դառնաս: Ուզո՞ւմ ես նախագահ դառնալ, թե՞ ֆուտբոլիստ ես ուզում լինել»:
Երբ փոքրիկ Ռոմիկը պատասխանել է, թե նախագահ է ուզում դառնալ, նախագահ Սարգսյանն ասել է. «Դե, պայմանավորվեցինք՝ լավանում ես, որ նախագահ դառնաս: Դժվար է լինելու, տհաճ է, բայց կանցնի: Ուժե՛ղ եղիր: Տե՛ս մայրիկդ, հայրիկդ ուժեղ են, դու էլ ուժեղ տղա եղիր: Ի՞նչ ես սիրում անել, ինչ կուզես, բացի նախագահ դառնալուց»:
Ռոմիկը նախագահին հայտնել է, որ կուզեր նաև փրկարար դառնալ, ինչպես իր հայրն է. «Որովհետև նրանք մարդկանց են փրկում: Բժիշկները մարդկանց են բուժում, իսկ փրկարարները փրկում են»:
Հանդիպմանը ներկա՝ երեխային բուժող բժիշկը տեղեկացրել է, որ Ռոմիկը դեռ պահպանողական բուժման մեջ է, որը ևս մեկ տարի կշարունակվի: Այս պահին երեխայի հիմնական հիվանդությունը նահանջել է:
«Դու լավանում ես, հետո տարին մեկ անգամ ինձ հյուր կգաս, քեզ սովորեցնեմ, որ մեծանաս, դու դառնաս նախագահ,-ասել է նախագահ Սարգսյանը՝ հորդորելով Ռոմիկին ժպտալ:- Պետք է ժպտաս, ցույց տաս, որ դու ուժեղ ես, որ դու հաղթահարելու ես քո հիվանդությունը»:
«Դու ինքդ ես քո առաջին բժիշկը, ինչքան էլ ծնողներդ ու բժիշկները բոլոր ջանքերն ու միջոցները ներդնեն, որովհետև նախ դու ինքդ պիտի չդադարես հավատալ, որ հաղթահարելու ես այս ամենը, որովհետև կյանքը գեղեցիկ է և գեղեցիկ է առաջին հերթին հենց քեզ նման երեխաներով»,- փոքրիկ Ռոմիկին ասել է Հանրապետության նախագահը: