Օրեր առաջ 1lurer.am-ը կապ էր հաստատել Չինաստանում շուրջ 4 տարի ապրող ՀՀ քաղաքացի Գայանե Ապրունցի հետ, որը պատմել էր, որ չունի ոչ մի խնդիր, մի քանի օր է՝ տնից դուրս չի եկել և որոշել է հարազատների հանգստության համար Հայաստան վերադառնալ:
Գայանեն 3 օր է՝ Հայաստանում է: Չինաստանում էլ, «Զվարթնոց» օդանավակայանում էլ հորդորել են հանգիստ գնալ տուն, բայց հաջորդ օրը Չինաստանից ժամանած այլ քաղաքացիների հետ գնացել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ բուժզննում անցնելու: Ըստ Գայանեի՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում վիրուսակիրներ չկան, որովհետև չեն ստուգվում: Քանի որ իրենց ասել են, որ կորոնավիրուսի որևէ համախտանիշ չկա, դրա համար թեստով ստուգում չեն անցնում:
«Օդանավակայաններում բոլոր զննումներն անցնելով` երեք օր առաջ Չինաստանի Տիանժին քաղաքից վերադարձանք Հայաստան: Չնայած «Զվարթնոցում» էլ մեզ հորդորեցին հանգիստ գնալ տուն և զուտ երկու շաբաթ զգույշ լինել այլ անձանց հետ շփումներից՝ մեկ օր անց որոշեցինք անցնել բուժզննում:
Այսօր ամբողջ օրը անցկացրինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Առավոտյան մեզ հեռախոսով ասացին, որ հիվանդանոցը դեռ չունի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերից, իսկ հիվանդանոցում պարզվեց, որ թեստերը նրանց համար են, ովքեր ունեն մի քանի նախանշան միաժամանակ և ծանր վիճակում են: Այսինքն՝ մայրս, որը երեկ ջերմում էր, այսօր՝ հազում, պետք է սպասի, որ մի քանի նախանշան միաժամանակ լինի, վիճակը վատթարանա: Ես կարծում եմ, որ թեստերը թանգարանային նմուշ չեն, և գերնպատակ պետք է լինի վիրուսը հնարավորինս արագ ախտորոշելը:
Հիվանդանոցի բժիշկները շատ բարեհամբույր էին, բայց իրենք էլ չգիտեին ինչպես համակարգել և անցկացնել բուժզննումը:
Այնտեղ հավաքվել էինք 6 հոգով, մեկը ջերմում էր: Բժիշկները կարծում էին, որ եթե մենք եկել ենք Չինաստանից, ապա իրար համար վտանգ չենք ներկայացնում, և 6-իս էլ տարան նույն սենյակ: Մոտ երկու ժամ սպասելուց հետո միասին անցանք ռենտգեն հետազոտություն, վերցրին անալիզներ: Խնդիրն այն է, որ եթե մեզանից որևէ մեկը լինի վարակակիր, ապա մյուս 5-ը ևս ռիսկային գոտում են (այսօրվա բուժզննումից հետո: Ճ)
Ոչ մի պատասխան այսօր չստացանք, վաղը առավոտյան պետք է հանձնենք արյան անալիզ:
Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում վիրուսակիրներ չկան, որովհետեւ չեն ստուգվում:
Ռենտգենը և արյան անալիզը չեն կարող ախտորոշել կորոնավիրուսը»,- Ֆեյսբուքում գրել է Գայանե Ապրունցը: