Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Տիգրան Ավինյանը նշել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք արդեն ձեռնարկվել են, անդրադառնալ այն խնդիրներին, որոնց առերեսվում են Չինաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև քննարկել հետագա քայլերի անհրաժեշտությանը:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները, ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա աջակցելու ուղղությամբ Չինաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է իրականացվող կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև բնակչության իրազեկման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա նաև նշել է, որ շուտով ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ ևս 200 ախտորոշիչ թեստ:
Հանձնարարվել է հնարավոր սեղմ ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել ՉԺՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների դժվարություններին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: