Իրանի իշխանությունները հայտարարել են, որ МАУ-ի կործանված ինքնաթիռի առիթով դադարեցնում են համագործակցությունն Ուկրաինայի հետ: Այս մասին, TSN ուկրաինական հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի պատահարների հետաքննության բաժնի պետ Հասան Ռեզայեֆարը: Ըստ նրա՝ պատճառը Կիևի թույլատրած տեղեկատվական արտահոսքն էր:
Փոխանցվում է, որ խոսքը մի աուդիո ձայնագրության մասին է, որը փոխանցվել էր Կիևին Թեհրանի կողմից՝ Boeing 737-ի կործանման հետաքննության շրջանակներում: Ձայնագրության մեջ իրանական ինքնաթիռի օդաչուն հայտնում է ցամաքային ծառայություններին, որ իր աչքերի առջև ինչ-որ հրթիռ է հարվածել քաղաքացիական ինքնաթիռին:
Թե ինչպես է ձայնագրությունը հայտնվել լրատվամիջոցների ձեռքում, պարզ չէ, բայց դրա իսկությունն արդեն իսկ հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: