Փետրվարի 3-ին Իսլամական համագործակցության կազմակերպությունը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում տեղակայված իր կենտրոնակայանում հրատապ հանդիպում է հրավիրել, որին մասնակցել են ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարարները: Ըստ Al Jazeera-ի՝ հանդիպումը նվիրված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանին:
Կազմակերպությունը միաձայն ընդունել է բանաձև, որով մերժել է ամերիկյան «Դարի գործարքը» և աջակցություն է հայտնել Պաղեստինյան անկախ պետության (արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով), ստեղծմանը՝ ՄԱԿ-ի կողմից 1967-ին հաստատված սահմաններով: ԻՀԿ-ն որոշել է ոչ թե անջատ երկրների մակարդակում, այլ համատեղ ուժերով դեմ արտահայտվել ամերիկյան նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին նման բանաձև էր ընդունվել նաև Արաբական պետությունների լիգայի կողմից, որը նույնպես հրատապ հանդիպում էր անցկացրել արտգործնախարարների մակարդակով: ԱՊԼ-ն «Դարի գործարքը» որակել էր անարդար և հայտարարել էր, որ այն հակասում է պաղեստինցիների ազգային ձգտումներին:
«Առաջարկը հակասում է պաղեստինցիների անգամ նվազագույն իրավունքներին: Այն խախտում է միջազգային օրենսդրությունն ու ՄԱԿ-ի բանաձևերը: Մենք ընդգծում ենք, որ մերժում ենք այդ անարդար գործարքը և դրա իրականացման հարցում համագործակցությունն ամերիկյան վարչակազմի հետ»,- ասվում էր ԱՊԼ բանաձևում:
Հետաքրքիր է, որ դրանից ընդամենն օրեր առաջ որոշ արաբական երկրներ, մասնավորապես՝ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան, Պաղեստինին առաջարկել էին ամերիկյան նախագիծը հիմք ընդունել բանակցությունների համար, իսկ Բահրեյնի, Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանները Սպիտակ տանը մասնակցել էին, այսպես կոչված, «Դարի գործարքի» հանրայնացման արարողությանը: