Երկու շաբաթ ընդմիջումից հետո շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Վերջին երկու նիստերը չէին կայացել ամբաստանյալների պաշտպանների չներկայանալու պատճառով: Նրանք գրություն էին ուղարկել դատավոր Աննա Դանիբեկյանին՝ պահանջելով հավասար պայմաններ ապահովել դատավարության բոլոր մասնակիցների համար:
Այսօրվա նիստը սկսվեց պաշտպանների խոսքով, որոնք ներկայացրին պատճառները, թե ինչու չեն ներկայացել նախորդ նիստին:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ այդպես արտահայտել է իր կարծիքը, քանի որ նիստերից մեկում տուժողի իրավահաջորդը սպառնացող արտահայտություն է արել, որն էլ չի արժանացել դատարանի ուշադրությանը:
«Դուք պարտավոր եք ապահովել դատավարության նորմալ ընթացքը և փոխանակ ինքներդ որոշեիք՝ «նայեք, մեր օրը չընկնեք» արտահայտությունը սպառնալիք է թե ոչ, կողմերին կոչ արեցիք զսպվածություն ցուցաբերել: Այստեղ հնչում են այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են առնվազն դիտարկվել ատելության խոսք»,- ասաց Ալումյանը:
Ալումյանը նաև վրդովմունք հայտնեց, որ պաշտպանության ֆրանսիական կողմը չի կարողանում գալ, մասնակցել այս դատավարությանը, որովհետև նրանք սովոր չեն այսպիսի տեսարանների:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ ասաց, որ նախորդ նիստին չի ներկայացել՝ իր անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:
«Նիստի ընթացքում հնչել է սպառնալիք, և միջանցքում այն վերարտադրվել է: Իսկ դատարանը պետք է ապահովի դատավարության այնպիսի ընթացք, որ պաշտպանները, բացի իրավական և փաստական հանգամանքներից, ուրիշ ոչ մի բանի մասին չմտածեն»,- ասաց Օրբելյանը:
Այնուհետև Հայկ Ալումյանն ասաց, որ երկրորդ հնարավորություն են տալիս դատավորին: Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա` նկատողություն կիրառեց Քոչարյանի ու Գևորգյանի պաշտպանների նկատմամբ` նշելով, որ նրանք չարամտորեն չեն կատարել իրենց պարտականությունները և հունվարի 21-ի նիստին չներկայանալով՝ խոչընդոտել են դրա բնականոն ընթացքը: