Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290 հազարից 650 հազար մարդ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Այս օրերին բոլորը հետևում են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն հայտարարվել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, կարևորվում է հատկապես պատվաստանյութի առկայությունը, որը դեռևս մշակման փուլում է:
Չնայած որ ներկայումս հանրության ուշադրության կենտրոնում է նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը և մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից, շարունակում է արձանագրվել սեզոնային գրիպով պայմանավորված հիվանդացություն, որը կարծես մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Հարկ է նշել, որ գրիպի համաճարակների հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք։
Նախարարությունը հիշեցնում է, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։
Առողջապահության նախարարությունը հորդորում է` եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմե՛ք պոլիկլինիկա և պատվաստվե՛ք: