Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
Նախագահը շնորհավորել է Աբբաս Բադախշան Զոհուրիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ ներդրումը կունենա երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում:
Խոսելով Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրները մշտապես եղել են լավ հարևաններ, միմյանց թիկունք դժվար պահերին:
Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ամիսներ առաջ Երևանում իր հանդիպումը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ և անդրադարձել քննարկված հարցերին:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի և տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ:
Դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ առավել զարգացնելու և ընդլայնելու երկու բարեկամ երկրների համագործակցությունը: