ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբով փոստային բաժանմունքներում առևտրային կաշառք տալու միջոցով պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010 թ. հուլիսից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 34-ամյա բնակիչը՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ, կազմակերպված խմբով պետական բյուջեից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 166.775.568 դրամ գումար, ինչպես նաև փոստային բաժանմունքների աշխատակիցներին տվել 3.525.000 դրամ առևտրային կաշառք:
Մասնավորապես, խարդախության եղանակով, չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց պետական բյուջեից վճարվող առանձնապես խոշոր չափերի բոնուսային գումարների հափշտակություն կատարելու նպատակով, Երևանի նշված բնակիչները, կազմակերպված խմբի քննությամբ չպարզված անդամի կողմից ստանալով վերջինիս կողմից պատրաստված՝ ՀՀ տարածքում գրանցված տարբեր կազմակերպությունների անվամբ ելքագրված և վերջիններիս ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների կեղծ կտրոններ, այլ քաղաքացիների անձնագրերի պատճեններով ՀԴՄ կեղծ կտրոնները խաբեությամբ հանձնել են «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի մի շարք փոստային բաժանմունքներում և խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել նշված կտրոնների դիմաց հաշվարկված առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 166.775.568 դրամ բոնուսային գումարներ:
Քննությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում անձը հաստատող փաստաթղթով ընդունելու կարգի խախտմամբ` առանց քաղաքացիների ֆիզիկական ներկայության, վերջիններիս անձնագրերի պատճեններով ՀԴՄ կտրոններ ընդունելու, դրանց դիմաց բոնուսային գումարներ հաշվարկելու և վճարելու համար Երևանի նշված բնակիչները իրենց օգտին գործողություններ կատարելու համար փոստային բաժանմունքների աշխատակիցներին տվել են առևտրային կաշառք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 200-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործից նշված մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Երևանի մյուս բնակչի և փոստային բաժանմունքների աշխատակիցների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2012 թ., և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Խմբի քննությամբ չպարզված անդամների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են: