Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը: 5 կետանոց միջնորդությամբ պաշտպանները պնդել էին, որ դատավոր Դանիելյանը կանխակալ մոտեցում ունի իրենց պաշտպանյալի նկատմամբ և չի կարող օբյեկտիվ քննել դատախազության բողոքը։
Հիշեցնենք՝ 2019-ի հունիսի 25-ին Արմեն Դանիելյանը որոշել էր կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին և բեկանել էր գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը։ Մեղադրող մարմինը Վերաքննիչում բողոքարկում է առաջին ատյանի որոշումը՝ «Մարտի 1»-ի մայր գործի բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու վերաբերյալ։ Դատախազությունը պնդում է՝ դրանք նախաքննական գաղտնիք են և այս փուլում հրապարակման ենթակա չեն: Մինչդեռ Քոչարյանի պաշտպանները վստահ են՝ գործում կարող են լինել այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են արդարացման համար: