Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ Ղուկասյանը հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում: «Թումոն» վիճարկում է Վարդան Ղուկասյանի կողմից այգու որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը, ինչի առթիվ հարուցված է քրեական գործ:
Կարեն Գաբրիելյանը նշել է, որ դատախազության ուշադրության կենտրոնում են նաև Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին կատարած այլ գործողություններ:
«Այս պահին կատարում ենք ուսումնասիրություններ, քաղաքապետարանից հարցումներ ենք կատարել այդ շենք-շինությունների վերաբերյալ: Քաղաքապետարանից պատասխանել են, որ դրանք իրենց մոտ չեն պահպանվել, դիմել ենք Ազգային արխիվ: Մոտ օրերս կսկսենք նյութեր նախապատրաստել, և կհարուցվի քրեական գործ»,- ասել է դատախազը: