«Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Մակունցի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում, նախագծի հեղինակը կներկայացնի այն շեշտադրումները, որոնք դրել է դրա հիմքում: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ լիագումար նիստի ընթացքում հանդես կգա մեկնաբանություններով:
«Նպատակը միտված է մի բանի՝ շուտափույթ լուծել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս ճգնաժամը»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը:
Մակունցը նշել է՝ չի կարող ասել, թե երբ կլինի նիստը, առաջարկը ներկայացրել են և կսպասեն:
«Արտահերթ նիստի ամբողջ իմաստն այն է, որպեսզի այն խնդիրները, որոնք արձանագրեցի, հանգուցալուծում ստանան»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Լիլիթ Մակունցը նաև մի քանի փաստեր է ներկայացրել՝ պնդելով, որ իշխանությունները փորձում են չթողնել, որ խորանա Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը, սակայն տեղի է ունեցել հակառակը հենց դատարանի կողմից: Որպես փաստ՝ տիկին Մակունցը ներկայացրել է նաև «Լուրեր»-ի ռեպորտաժը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի՝ ՍԴ կատարած այցելությունների մասին: