Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով 2019 թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր է իրականացրել: Դրանցից մեկը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումները կահավորելն էր:
«Հաշվի առնելով վերջին շրջանում տրանսպորտային պատահարները, ընդհանրապես մեքենաքանակի աճը, քաղաքապետը հանձնարարեց անցած տարի գույքագրել, ուսումնասիրել հնարավոր ամենաթեժ կետերը խնդրահարույց, որտեղ մահվան ելքերով վրաերթեր են տեղի ունեցել, և միջոցներ ձեռնարկել: Այս դեպքում նախաձեռնվեց հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:
Ծրագրի շրջանակում նախորդ տարի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նման լուսացույցներով կահավորվել են 7 հետիոտնային անցումներ: Երևանում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, ճանապարհային երթևեկության կարգավորումը, մասնավորապես, լուսացույցների տեղադրումը, գծանշումները և այլն քաղաքապետի պատվիրակված լիազորությունն է, սակայն 2009-ից կառավարության որոշմամբ այդ գործառույթները պատվիրակվել են ճանապարհային ոստիկանության ծառայությանը: Համապատասխանաբար, բյուջեն ևս հատկացվում է ՃՈ-ին:
«Սա նշանակում է, որ այս գործառույթն իրականացնելու պատասխանատուն ՃՈ-ն է: Հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մեր համայնքի բնակիչների անվտանգության, կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտության մասին, համայնքը փոխօգնության շրջանակներում կամավոր որոշակի բյուջե է հատկացնում և ՃՈ-ի հետ համագործակցությամբ ինքը ևս նախաձեռնում է հետիոտնի համար վտանգավոր վայրերում կանչի ռեժիմով լուսացույցների տեղադրում»,- նշում է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
Ծրագրի ծավալները 2020-ին զգալիորեն աճել են: Ընթացիկ տարում հետիոտների միջամտությամբ լուսացույցի ազդանշաններով կկարգավորվեն 37 հետիոտնային անցումներ:
«Հետիոտնի կանչի ռեժիմով համալրված լուսացուցային այդ անցումներն իրենց արդյունավետությունն ունեն: Բնականաբար անհնար կլինի յուրաքանչյուր 100 մետրը մեկ տեղադրել, և կարծում եմ, որ պետք է կոչ անենք հետիոտնին, որպեսզի իրենք էլ հետիոտնի համար թույլատրելի այդ հատվածով անցնեն»,- նկատում է «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:
Հաջորդ քայլով համայնքը հստակ մոտեցում է ցուցաբերում նաև անցումների մոտ երթևեկության կազմակերպման փոփոխության հարցում: Երևանում չպետք է լինեն հետիոտնային այնպիսի անցումներ, որտեղ թույլատրելի արագությունը 60 կմ ժամ և ավելի է ու կարգավորված չէ:
«Քաղաքապետը հանձնարարեց ուսումնասիրել և գույքագրել երեք և ավելի գոտի ունեցող ճանապարհներում հետիոտնային անցումները: Դրանց դիմաց արդեն իսկ նախաձեռնվել է սահմանված արագությունների նվազեցում` ոստիկանության հետ համատեղ: Նախկինում 70 կմ ժամ արագություն էր, որի արդյունքում թույլատրվում էր վարորդներին երթևեկել մինչև 80 կմ ժամ արագությամբ»,- նշում է Էդգար Գալստյանը:
Մեկ շաբաթ առաջ համացանցում ակտիվ քննարկվում էր Շիրակի փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարը, որին զոհ դարձավ 10-ամյա դպրոցականը: Ցավոք, դա եզակի դեպք չէր. ճանապարհային մահերի թվով Հայաստանը Եվրոպայում տխուր առաջատարներից մեկն է: Անկախ նրանից՝ ով է կոնկրետ դեպքի մեղավորը՝ անկարգ վարորդը, անուշադիր հետիոտնը, ճանապարհի կահավորանքի պատասխանատուները, թե դժբախտ պատահականությունը, մի բան հստակ է՝ այսպես երկար շարունակվել չի կարող:
«Բացի այն, որ մենք գույքագրում ենք Երևանի վտանգավոր կետերը, առանձին ևս մեկ անգամ նաև գույքագրում ենք բոլոր այն դպրոցները, մանկապարտեզները, ուսումնական այլ հաստատություններն ու մշակութային օջախները, որտեղ այցելում են երեխաները, և առանձին ցուցակ կազմում, որպեսզի ըստ առաջնահերթության այդ մասն էլ փակենք: Մեր քաղաքացիների անվտանգությունը, առավել ևս՝ երեխաների անվտանգությունը, մեր թիվ մեկ խնդիրն է այսօր: Դրանից առավել մենք այստեղ խնդիր չունենք լուծելու»,- ընդգծում է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող անցումների կողքին երևանյան փողոցներում քաղաքացիները կհանդիպեն նաև հատուկ մանեկեններով կահավորված անցուղիների: Գաղափարը Բյուզանդ Բաղդասարյանինն է: Նրա առաջարկը կյանքի կկոչվի Երևանի քաղաքապետի նախաձեռնած «Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ:
«Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ Փարիզում էի: Ես մեքենայով գնում էի, և այնպիսի տպավորություն էր, որ կարծես երեխան վազելու է փողոց: Եվ այս «Ակտիվ քաղաքացի» նախաձեռնության առաջարկը, երբ եղավ քաղաքապետարանից, այդ միտքը փորձեցի օգտագործել և առաջարկեցի: Ուրախ եմ, որ ծրագիրն անցավ, կյանքի կկոչվի: Կարծում եմ, որ շուտով մեր փողոցներում արդեն դպրոցների հարևանությամբ կլինեն այդ մանեկենները»,- ասում է Բյուզանդ Բաղդասարյանը:
Ճանապարհաշինություն, հետիոտնային անցումների կառուցում, գրագետ կահավորում, հասարակական տրանսպորտի նոր ցանց. սրանք դեպի անվտանգ երթևեկություն տանող ճանապարհի անհրաժեշտ քայլերն են: