Իրանը 80 հազար դոլար փոխհատուցում է առաջարկել Թեհրանի մերձակայքում օդանավի կործանումից զոհված ուկրաինացիների ընտանիքներին, Կիևը, սակայն, գումարը համարել է անբավարար: «Ինձ թվում է, որ դա բավարար չէ: Իհարկե, մարդկային կյանքը ոչ մի փողով չի չափվում, բայց մենք ճնշում կգործադրենք, որ ավելի շատ լինեն վճարումները»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նորից պահանջել է, որ կործանված ինքնաթիռի ինքնագրիչները վերադարձվեն Կիև՝ դրանք մանրակրկիտ վերծանելու համար: Ուկրաինական կողմը մտավախություն ունի, որ Թեհրանը շահագրգռված չէ դրանց ամբողջական վերծանման հարցում:
Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ իրենք ունեն իրանցի կարգավարների ձայնագրությունը, ինչն ապացուցում է, որ Թեհրանն իմացել է ուկրաինական օդանավի՝ հրթիռներով խոցման մասին: Ըստ ձայնագրության՝ 06.30-ին վայրէջք կատարող իրանական օդանավի անձնակազմը պարսկերենով և անգլերենով զգուշացրել է կարգավարներին, որ հրթիռ է թռչում: Իսկ ուկրաինական օդանավը թռել է 06:12-ին: Զելենսկին «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իրանական կողմը ի սկզբանե, ինքնաթիռի խոցման պահից գիտեր աղետի պատճառը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: