Սփյուռքի հարցերով ՀՀ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպեց Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Երկուստեք կարևորվեցին հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Զարեհ Սինանյանը նշեց, որ Վրաստանի հայ համայնքի հետ աշխատանքում իր գրասենյակը կարևորում է ինքնության պահպանումն ու երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներին հայ բնակչության լիարժեք ինտեգրումը, հանրային ակտիվության մակարդակի բարձրացումը: Հանդիպման ավարտին քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:
Հաջորդ հանդիպումը Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլու հետ էր: Պետնախարարը հանձնակտարին ներկայացրեց քաղաքացիական ինտեգրման ուղղությամբ Վրաստանի կառավարության ռազմավարությունն ու առաջնահերթությունները: Քեթևան Ցիխելաշվիլին նշեց, որ Վրաստանի կառավարության համար կարևոր է ինչպես այլ ազգությունների լիարժեք ինտեգրումը, այնպես էլ ազգային ինքնության պահպանման խրախուսումը: Այս համատեքստում հատկապես կարևորվեց էթնիկ լեզվի ուսուցման շարունակականության ապահովումը, ինչպես նաև պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Վրաստանի հայ համայնքը յուրահատուկ է և մյուս համայնքներից առանձնանում է իր պատմական հետագծով: Հանձնակատարն ընդգծեց, որ մեզ համար կարևոր է հայերի լիակատար ներգրավվածությունը բնակության երկրների հասարակություններին և հանրային կյանքի տարբեր բնագավառներին՝ միևնույն ժամանակ պահպանելով հայ ինքնությունն ու մշակույթը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: