Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։ Ըստ մեղադրանքի` նախկին պաշտոնյան կաշառք է վերցել նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից։
Այսօրվա նիստում հետազոտվել են իրավապահ մարմինների գաղտնի տեսանյութերը, որոնցում երևում էր, թե ինչպես է Արսեն Դավթյանը իրավապահների հորդորով գրպանից հանում 3000 ԱՄՆ դոլար գումարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։ Ըստ հետազոտված տեսանյութի` Արսեն Դավթյանը իրավապահներին ասում է, որ ինքը չի իմացել, թե Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա: «Ես չգիտեի՝ ի՛նչ կա ծրարում, պատռել եմ, նոր եմ տեսել»,- ասել է նախկին պաշտոնյան։
Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 21-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:
Թեև այս գործը չէր առնչվում երեխաների ապօրինի որդեգման գործին, որով ևս Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրված, դատարանի դահլիճում են եղել նաև նորածիններին կորցրած ծնողները: Նրանք ասել են, որ եկել են պահանջելու՝ Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումը: