ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքի քննության նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 3-ին։ Նիստը կվարի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, որը հայտնի է որպես Helpcourt հարթակում ամենաբարձր վարկանիշ ունեցող հայ դատավորներից մեկը։
Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական բողոքի նիստը տեղի է ունենում Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման մասին բազմաթիվ ահազանգերին զուգահեռ։ Գագիկ Խաչատրյանն արդեն 7 ամիս է՝ ինչ կալանքի տակ է, և առնվազն երեք անգամ բժշկական օգնության, հրատապ հետազոտության և հոսպիտալացման մասին տեղեկատվություն է հրապարակվել մամուլում։ Ըստ փաստաբանական խմբի՝ Խաչատրյանը սիմպտոմատիկ բուժում է ստանում կալանավայրում, այնինչ, նա մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի, և բժշկական օգնության բացակայության դեպքում անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ։
Հիշեցնենք, որ կալանավորումից առաջ Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայի Դաշնությունում և քննիչի առաջին իսկ հեռախոսազանգով ժամանել Երևան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից։ Խաչատրյանը Գերմանիայում հետվիրահատական բուժում էր ստանում. նա ողնաշարի և հենաշարժական ապարատի հետ խնդիրներ ունի, մարմնում իմպլանտ է տեղադրված։