Փետրվարի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Թումանյան փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Վարորդից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Բացահայտման միջոցառումներն ընդամենը ժամեր են տևել։ Շուտով հայտնի են դարձել կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երևանի բնակիչ, 22-ամյա երիտասարդը լուսադեմին Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են նաև դեսպանի մեքենայից գողացված հայելիները։ Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է։