ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է առողջապահության ոլորտում 2020 թ. ծրագրերը և անելիքները: Ըստ այդմ՝
2020-ից Հայաստանում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն» ունեցող տարեկան շուրջ 1000 պացիենտ կբուժվի հակավիրուսային նորագույն դեղերով պետական պատվերի շրջանակներում,
Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020-ին նախատեսվում է նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք բերել 25 անվանում ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան պացիենտներին,
Ներդրվել է ֆինանսական փոխհատուցման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը, որի արդյունքում «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագիր,
Այսուհետև մինչև 18 տարեկան երեխաներն ախտորոշման ճշտման նպատակով կարող են հիվանդանոցային նեղ մասնագիտացված կենտրոններում անցնել ամբուլատոր մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային հետազոտություն` համապատասխան ուղեգրի առկայության դեպքում,
Ներդրվել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծրագիրը (emergency), որի շրջանակներում հիվանդանոց դիմած անհետաձգելի բուժօգնության դեպքերը, որոնք չունեն անհրաժեշտություն շուրջօրյա հսկողության, կսպասարկվեն ընդունարանում ծավալված անհետաձգելի բուժօգնության ծառայության (emergency) կողմից պետական պատվերի շրջանակներում,
Մեկնարկել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի նորածնային սքրինինգի ծրագիրը: Մանկաբարձական ծառայություն իրականացնող 50 կազմակերպությունում տեղադրվել է պետական պատվեր: Արդյունքում` կկանխվի երեխաների մոտ կոնքազդրային հոդախախտի ուշ հայտնաբերումը և հիվանդության ծանր ընթացքը,
Առողջության առաջնային օղակում մեկնարկել է «Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ» ծրագիրը (Երևանում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկա և Գյումրիում` «Բեռլին» պոլիկլինիկա),
Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել նորագույն բժշկական սարքեր (ՄՌՏ, ԿՏ, նեյրոնավիգատոր, մանրադիտակ և այլն) և հատկացվել ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և Չարենցավանի բժշկական կենտրոններին,
Սքրինինգային հետազոտություններ իրականացնելու նպատակով ձեռք է բերվել մամոգրաֆիայի շարժական սարք, որը Հայաստանում կլինի մարտ ամսին: Առաջին կանգառը կլինի Լոռու մարզում և բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ կիրականացվեն,
Մարզերում առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավման նպատակով ձեռք է բերվել առաջին բժշկական օգնության հավաքածուներով հագեցած 620 պայուսակ, որոնք բաշխվել են բոլոր գյուղական բուժակ-մանկաբարձական կետերին,
Արցախին հատկացվելու է 10 նոր շտապօգնության մեքենա: Մեքենաները գնվել են պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին: