Հունվարի 1-29-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք խախտել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը։
Նրանք 1 տարով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Նույն ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 55 վարորդի, որոնք եղել են ոչ սթափ վիճակում և չեն ունեցել վարորդական վկայական։
Նրանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով։
Հունվարի 1-29-ը ճանապարհային ոստիկանների հայտնաբերած ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։
Նրանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։