Ոստիկանությունը պարզաբանում է տարածել զոհված զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի հարազատներից մի քանիսին բերման ենթարկելու լուրերի հետ կապված․
«Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, թե իբր զոհված զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար:
Պարզաբանում ենք, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ: Օգտատերերին կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Ցավակցում ենք զոհված զինվորի հարազատներին»,- նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արգավանդի խաչմերուկը փակ էր։ Մահացած զինվորի հարազատները Հայթաղ գյուղից քայլերթով հասել էին այնտեղ, ցանկանում էին դին տեղափոխել պաշտպանության նախարարություն և բողոքի ակցիա իրականացնել կառավարության մոտ։ Պնդում էին, որ դեպքը ինքնասպանություն չէ։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցություններից հետո Հայթաղ գյուղի բնակիչներն ու զինվորի հարազատները Արգավանդի խաչմերուկից վերադարձել են և հուղարկավորել տղային։
Դեպքի առիթով, ինքնասպանության հասցնելու հոդվածով, հարուցվել է քրեական գործ։ Քննչական կոմիտեն հայտարարել է․ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Նախաքննությունը շարունակվում է: