Արգավանդի խաչմերուկն այս պահին փակ է։ Ոստիկանները թույլ չեն տալիս հունվարի 30-ին մահացած զինվորի հարազատների մուտքը մայրաքաղաք։ Հարազատները ցանկանում են մահացած զինծառայողի դին տեղափոխել պաշտպանության նախարարություն և բողոքի ակցիա իրականացնել կառավարության մոտ։
Այս պահին հարազատների հետ բանակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Լուրերի հետ զրույցում հարազատները պնդում են, որ իրենց որդին չէր կարող ինքնասպան լինել։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել է․ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Նախաքննությունը շարունակվում է: