ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսում չի խախտել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը,- ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ոչ, ես հետևել եմ վարչապետի՝ Կապանում ունեցած ելույթին, նա հղում է կատարել մեղադրանքին և հետո՝ մեղադրանքի բովանդակությանը»,- նշել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի և մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին Ֆեյսբուքում՝ ուղիղ եթերի ընթացքում, հայտնել է, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով: