Միացյալ Նահանգները կսահմանափակի Ղրղըզստանի, Մյանմայի, Նիգերիայի, Սուդանի, Տանզանիայի և Էրիթրեայի քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Այս մասին հաղորդել է ТАСС-ը ՝ վկայակոչելով Վաշինգթոնի բարձրաստիճան պաշտոնյային, որի անունը չի տրվում:
«Այսօր ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է Ղրղըզստանի, Մյանմայի, Նիգերիայի, Սուդանի, Տանզանիայի և Էրիթրեայի քաղաքացիների մուտքը երկիր: Դա պայմանավորված է այն բանով, թե ինչպես են այդ երկրներում զբաղվում անվտանգության խնդիրների լուծմամբ»,- տեղեկացրել է գործակալության աղբյուրը:
Հաղորդվում է նաև, որ Ղրղըզստանի, Նիգերիայի, Էրիթրեայի և Մյանմայի քաղաքացիներն ընդհանրապես չեն կարողանա մուտքի արտոնագիր ստանալու համար դիմել Միացյալ Նահանգներ: Իսկ Տանզանիայի և Սուդանի քաղաքացիներին կարգելվի նաև մասնակցել Green card-ի վիճակախաղին:
Նշվում է, որ հունվարի 24-ից ԱՄՆ-ում ուժի մեջ են մտել նաև «մայրության տուրիզմի» վիզայի նոր սահմանափակումները: