Հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ներգրավմամբ ՀՔԾ-ում հարուցված գործը դատարանում քննելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր՝ «քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ «երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:
Վահե Միսակյանի՝ որպես դատավոր կարիերան սկսվել է 2017-ին, երբ նա նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա աշխատել է դատական դեպարտամենտում։ Պաշտոնը ստանձնելու պահին Վահե Միսակյանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ հողամաս, նաև՝ երկու ավտոմեքենա՝ BMW 325 և Toyota Camry մակնիշների։ Պաշտոնը ստանձնելու՝ այսինքն 2017-ի դրությամբ Միսակյանի դրամական միջոցները կազմել են 12.000 դոլար և 8.5 միլիոն դրամ, բացի դրանից՝ աշխատավարձից նրա եկամուտները կազմել են 3.2 միլիոն դրամ, ևս 1.3 միլիոն դրամ դատավորը հայտարարգրել է «այլ եկամուտներ» տողով։
2018-ին Միսակյանը ձեռք է բերել Mazda 6 մակնիշի մեքենա՝ մոտ 4 միլիոն դրամով, նրա դրամական միջոցները նվազել են, իսկ փոխառությունները շատացել՝ կազմելով մոտ 12 միլիոն դրամ։
Վահե Միսակյանի կինը՝ Դիանա Համբարձումյանը, ամուսնու կողմից պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 9500 դոլար և 7.6 միլիոն դրամ, իսկ 2018-ին՝ 6 միլիոն դրամ և 8500 դոլար։
Դատավորի հայրը՝ Ներսես Միսակյանը ևս, բարձրաստիճան պաշտոնյա է. նա 2017-ին նշանակվել է զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ։ Նշանակման օրվա դրությամբ Միսակյանը հայտարարագրել է հողամաս, ՎԱԶ 2110 և ՎԱԶ 2109 մակնիշի մեքենաներ։ Ներսես Միսակյանի դրամական միջոցները կազմել են 3 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 6 միլիոն դրամ, որից 4 միլիոնը եղել է ստացված փոխառություն։ 2018-ին նա նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալ, այդ տարի Միսակյանը հայտարարագրել է 2 հողամաս։