Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների գործողությունների շնորհիվ գրպանահատության երեք դեպք է բացահայտվել:
Առաջին գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր օպերատիվ կառավարման կենտրոնից հունվարի 30-ին՝ ժամը 19-ի սահմաններում: Մաշտոցի պողոտայում մի աղջկա պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, նույնականացման, զեղչի, բանկային և կուտակային քարտեր:
Մյուս դեպքը, րոպեների տարբերությամբ, կատարվել էր Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում. 57-ամյա մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել էին բջջային հեռախոսը:
Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Կապան քաղաքի 54-ամյա մի բնակիչ:
Հունվարի 31-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, կասկածվողը Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Երրորդ դեպքը հունվարի 31-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում էր կատարվել. թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դարձյալ դրամապանակ էին հափշտակել, որի մեջ եղել էր փող, զեղչի և կուտակային քարտեր:
Ժամը 16-ին մասնագիտացած ստորաբաժանման ծառայողները Կոմիտասի պողոտայից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Դավիթաշենի 21-ամյա մի բնակչի:Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: