ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով նախորդ տարվա արդյունքներին, հայտնել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 7.8 տոկոս, որը ամենաբարձրն է՝ սկսած 2011 թվականից:
Ըստ նախարարի՝ այս տարվա տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերության աճը․ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9 տոկոսով:
Ըստ Խաչատրյանի, բարձր ցուցանիշները հիմնականում կապված են արտահանման հետ. կոնյակի արտահանման՝ 26 տոկոս, մրգային գինիների՝ 75 տոկոս, և խաղողի գինիների 26 տոկոս աճով: Զարգացող նոր ուղղություններից է շոկոլադի արտադրությունը, որի աճը կազմում է 14.2 տոկոս։
«Շինարարությունն է աճել աննախադեպ տեմպերով՝ 4.6 %, ծառայությունները գրանցել են 15%-ի աճ։ Ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք զբոսաշրջության դինամիկ աճ. եթե 9 ամսվա տվյալներով զբոսաշրջությունն աճել էր 14,4%-ով, ապա տարեկան նախնական տվյալներով աճը կկազմի 15%: Էական աճ կա հանրային սննդի և հյուրանոցային ծառայություններում՝ 27%: Ըստ նախարարի՝ դեռևս չի ամփոփվել տարեկան համախառն ներքին արդյունքի աճը, սակայն, նախնական տվյալներով, 2019 թվականին այն կլինի 8%-ի սահմաններում։