Ազգությամբ թուրք պատանի Դերին Ալգուլը Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, կամ մեկ այլ երկրի փոխարեն ընտրել է Հայաստանը և, ծնողների կամքին հակառակ, կրթական փոխանակման ծրագրով ժամանել է Երևան՝ ուսանելու Անանիա Շիրակացու անվան ճեմարանում:
Զարմացած է, որ Հայաստանում թուրքերենին բավական լավ տիրապետող հայերի է հանդիպել: Զարմանքն ավելացել է, երբ իմացել է, որ մարդիկ լեզուն սովորել են ժամանցային հաղորդումներ դիտելով: Ինքն էլ այս կարճ ժամանակամիջոցում հասցրել է հայերե՛ն բառեր սովորել, բայց խոստովանում է, որ հայերենը բարդ լեզու է:
Դերինը համոզված է, որ դեռ կվերադառնա խոհանոցով, մշակույթով Թուրքիային շատ նման Հայաստան. մեր գեղեցիկ երկրում շատ բան կա բացահայտելու: Մանավանդ, որ՝ հասցրել է նաև ընկերներ ունենալ: Շեշտում է, որ Ստամբուլի իր հարզատներին ու ընկերներին անպայման կպատմի Հայաստանի մասին: