ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ ներկայացնելով 2020-ի ծրագրերն ու անելիքները.
« Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում նոր մարզային հիվանդանոցի շենքերի կառուցման նպատակով մշակվել է տիպարային նախագիծ, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել նմանատիպ այլ բժշկական կազմակերպություններ նախագծելու համար։
Գարնանը կմեկնարկեն Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները։
-
Մարտունու ԲԿ-ի հեմոդիալիզի ծառայությունն արդեն իսկ սկսել է իր աշխատանքը՝ հնարավորություն ընձեռնելով Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների շուրջ 25-30 պացիենտներին իրենց բնակավայրերին մոտ ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։
-
2020թ. Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սքրինինգների ծրագիրը շարունակվելու է և նախատեսում է ընդգրկել շուրջ 300,000 բնակչության: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 2020թ. նախատեսվում է ընդգրկել շուրջ 66,000 կին, իսկ հղիության ընթացքի վերահսկման նպատակով նախատեսվում է 2020թ. իրականացնել շուրջ 17,000 հետազոտություն:
-
Այս տարի աշխատանքներ պետք է տարվեն բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Նախատեսվում է 2021-ից ներդնել նաև Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում, Շիրակի մարզի «Գյումրի» և Լոռու մարզի «Վանաձոր» ԲԿ-ներում:
-
Ընդլայնվել է պետական պատվերի շրջանակներում արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը: 2020թ.արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայության մասով պետական պատվեր է տեղադրվել 4 բժշկական կազմակերպությունում, ընդ որում 1-ը` Երևանում, մնացածը՝ Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերում: 2020թ. ընթացքում նախատեսվում է պալիատիվ բուժօգնության համար մահճակալներ ծավալել ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» (թվով 10` ուռուցքային և արյան հիվանդություններով երեխաների պալիատիվ բուժօգնության համար) և ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
-
Մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային թերապիա Տրաստուզումաբ դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, աշխատանք կտարվի դեղատներում Տրաստուզումաբ դեղի մանրածախ գնի իջեցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական մետաստատիկ քաղցկեղ ունեցող հիվանդներին, որոնք ընդգրկված չեն պետական ծրագրում, բարձրացնելու թիրախային բուժման հասանելիությունը:
-
Մարտից նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։ 2020թ. ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի արտոնյալ պայմաններով` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
-
Եռամյա պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ: Պայմանագրի կնքման շնորհիվ, 2020-2022 թվականների ընթացքում, ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան կտրամադրվեն ինսուլին դեղերը:
-
2020 թվականից ՀՀ-ում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող շուրջ 43 երեխաներին, յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, անխափան կտրամադրվի աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչ-ներարկիչով:
Շարունակելի...»։