Փետրվարի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի Պաղեստինի հարցով, որին կմասնակցի նաև Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Վաշինգթոնում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց իսրայելա-պաղեստինյան խաղաղության ամերիկյան ծրագիրը, որը հայտնի է դարձել «Դարի գործարք» անունով:
Սպիտակ տան պլանը Երուսաղեմը ճանաչում է՝ որպես Իսրայելի միակ և անբաժանելի մայրաքաղաք, մերժում է պաղեստինցի փախստականների վերադարձն իրենց նախկին բնակավայրեր, ճանաչում է Արևմտյան ափին պաղեստինյան տարածքները բռնակցելու և իր ինքնիշխանությունը Հորդանանի հովտում տարածելու՝ Իսրայելի իրավունքը և առաջարկում է ստեղծել ապառազմականացված Պաղեստինի պետություն, որն իրավունք չի ունենա անգամ իր սահմաններն ու օդային տարածքը պաշտպանել:
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը հայտարարել էր, որ Պաղեստինը պատրաստվում է Անվտանգության խորհրդում բանաձև անցկացնել, որով կդատապարտվի Միացյալ Նահանգների առաջարկած «Դարի գործարքը»:
Իսկ ահա հունվարի 31-ին նա հայտարարեց, որ փետրվարի 11-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն անպայման կխոսի, որպեսզի խնդրո առարկայի վերաբերյալ մեկընդմիշտ և ամբողջ աշխարհին ներկայացնի Պաղեստինի դիրքորոշումը: