Շարունակվում են թեժ մարտերը Սիրիայի Հալեպի նահանգում: Massar Press Net-ի փոխանցմամբ՝ Խան-Թուման քաղաքի մերձակայքում կառավարական ուժերը գրոհայիններից ազատագրել են խոշոր ալրագործարան, որը զինյալներն իրենց հիմնական հենակետն էին դարձրել, հուսալով ռևանշի հասնել Խան-Թումանում:
Baladi Network-ը փոխանցում է, որ սիրիական բանակը հրթիռակոծել է Զեյթուն գյուղի տարածքում գտնվող զինյալների ապաստարանները՝ ոչնչացնելով մի քանի ամրություններ: Halab today-ի հաղորդմամբ՝ արդեն հունվարի 31-ին թեժ մարտեր են սպասվում Խալսա կարևոր գյուղի մոտակայքում:
«Իսլամական պետության» ահաբեկիչները պատասխանատվություն են ստանձնել Դեյր-էզ-Զորի նահանգի Խավիջայի շրջանում Սիրիայի Դեմոկրատական ուժերի (SDF) անդամների վրա կատարված արյունոտ հարձակման համար: Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են հայտնում զոհերի մասին, բայց բոլորն են միաբերան պնդում, որ սպանվել է քուրդ զինյալ Ջումմա ալ-Ռաքքազը, որը Սիրիայի Դեմոկրատական ուժերի (ՍԴՀ), այսպես կոչված, «ներքին անվտանգության» ծառայության ղեկավարն էր և շատ կարևոր գործընկեր՝ ԱՄՆ-ի համար:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է «զինված ընդդիմության խմբավորումներին և ջիհադիստներին մոտ գտնվող ԶԼՄ-ների կողմից արված հայտարարությունները», ըստ որոնց՝ ռուսական օդուժը Իդլիբի նահանգի Արիխա գյուղի մերձակայքում ռումբեր է նետել հիվանդանոցների, բնակելի տների ու հացաթխման կետերի ուղղությամբ: Ըստ նախարարության պաշտոնական հայտարարության՝ «ընդդիմության հրապարակումները տեղեկատվական սադրանք են, քանի որ Իդլիբի այս շրջանում Ռուսաստանի ավիացիոն ուժերն ընդհանրապես մարտական առաքելություն չեն իրականացրել»:
Damaskos News-ը հաղորդում է, որ հունվարի 30-ին սիրիական բանակը ջիհադական խմբավորումներից ազատագրել է Ջուբաս և Մարդիխ բնակավայրերը, որոնք գտնվում են Սերակիբ քաղաքից երկու կմ հեռավորության վրա:
Սա կարևոր տեղեկություն է այն պատճառով, որ վերոնշյալ բնակավայրերը մոտ են Մ -5 ավտոճանապարհի այն հատվածին, որը միացնում է Հալեպի և Դարաայի նահանգները: Մ-5 հատվածն, ի դեպ, մի քանի օր առաջ էր անցել սիրիական բանակի վերահսկողության տակ: