Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության իրավասությունների վերականգնման վերաբերյալ քվեարկությունը հստակ բաժանարար սահմաններ գծեց պետությունների միջև, թեև եղան բացառություններ:
Ուկրաինական պատվիրակության 12 անդամից մեկը կողմ է քվեարկել ռուսների վերադարձին ԵԽԽՎ: Ըստ EuroPravda-ի՝ Յուլիա Լևոչկինան դեռ Կիևում իր գործընկերներին զգուշացրել էր, որ դեմ է քվեարկելու Ռուսաստանի լիազորությունների վերականգնումը բողոքարկելուն: Լևոչկինան նաև աջակցել է «պատժամիջոցների նոր կարգին», ըստ որի կազմակերպությունից որևէ պետություն հեռացվում է այն դեպքում, երբ անտեսում է մարդու իրավունքները: Ուկրաինացի պատգամավորը դեմ է արտահայտվել այդ փաստաթղթերում Ուկրաինայի ներկայացրած բոլոր փոփոխություններին:
Ռուսաստանի լիազորությունների վերականգնման որոշմանը կողմ է քվեարկել 96 պատգամավոր, 44-ը՝ դեմ, 7-ը ձեռնպահ են մնացել: Դիտորդները դա համարել են Ուկրաինայի ձախողում, ուկրաինական պատվիրակության առաջարկած գրեթե բոլոր փոփոխությունները մերժվել են: Դրանք պաշտպանել են Վրաստանի, Լիտվայի, Լատվիայի պատվիրակությունների բոլոր անդամները, գրեթե բոլոր շվեդներն ու լեհերը: Արևմտյան Եվրոպայի ներկայացուցիչներից որոշմանը դեմ են արտահայտվել երկու հոլանդացի, մեկ իսպանացի և մեկ բրիտանացի:
Միաժամանակ ԵԽԽՎ-ն Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ռազմական միջամտությունը Դոնբասում՝ կոչ անելով «լիովին իրականացնել Մինսկի համաձայնագրերը»: Միաժամանակ Մոսկվային հորդորել են հրաժարվել «Ղրիմի անօրինական բռնակցումից», անվերապահորեն և լիովին համագործակցել Միջազգային քննչական խմբի (JIT) և Նիդեռլանդների դատախազության հետ՝ 2014-ին մալայզիական օդանավի կործանման հետաքննության հարցում: Ռուսաստանը չի համաձայնել բանաձևի տեքստին: