Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիսավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալ:
«Ինձ համար մեծ պատիվ է Ռուսաստանի անունից ձեզ փոխանցել Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը: Համոզված եմ, որ այս սրահում անհրաժեշտություն չկա ձեզ ներկայացնելու: Դուք ղեկավարել եք Հայաստանի կառավարությունը դժվարին շրջանում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, կարողացաք իրականացնել մի շարք տնտեսական բարեփոխումներ, կյանքի կոչել արդյունավետ հակաճգնաժամային միջոցառումներ: Բոլորը, անկասկած, գնահատում են ձեր բարեկամական հարաբերությունները, այդ թվում Ռուսաստանի հետ, այն, ինչ դուք արել եք Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ամրապնդման գործում: Կոլեգիայի նախագահի պաշտոնում ձեր գործընկերների հետ հաջողությամբ եք կատարել ձեր առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մեծ աշխատանքի համար և, օգտվելով առիթից, շնորհավորել նաև ծննդյան օրվա առթիվ, որը նշել եք օրեր առաջ: Նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- ասել է Միխայիլ Միշուստինը։
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ այդ խոսքերն ընդունում է որպես ոչ միայն իր անձնական, այլ՝ ամբողջ կոլեգիայի աշխատանքի գնահատական:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հունվարի 31-ին կլքի պաշտոնը, սակայն կպահպանի բարձր մակարդակի միջազգային պաշտոնյայի կարգավիճակը՝ ղեկավարելով Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։ Հիմնադրամի նպատակն է աջակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Տաջիկստանի Հանրապետության տնտեսությունների թվայնացման գործընթացներին։ Այդ երկրները Եվրասիական զարգացման բանկի անդամ են, որը կոչված է նպաստելու նրանց տնտեսական աճին ու նրանց միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: