Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից կատարվող անհիմն շահարկումներից հանրությանը զերծ պահելու նպատակով, ինչպես նաև կարևորելով անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու` քաղաքացիների իրավունքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.
Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսվարողի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության, որն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խստիվ պահպանմամբ:
Հարցաքննության ընթացքում Ն. Սամսոնյանին առաջարկվել է հայտնել իր գրառման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը, նշել ռեստորանի տվյալները, հայտնել այլ մանրամասներ:
Ն.Սամսոնյանը, անհիմն պատճառաբանելով, որ դա իրավապահ մարմինների բացահայտման խնդիրն է, հրաժարվել է հարցերին ըստ էության պատասխանելուց, ինչի մասին նշում է կատարվել հարցաքննության արձանագրության մեջ:
Այնուհետև Սամսոնյանը հանդես է եկել տվյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքական հայտարարություններով: Քննիչը, չունենալով քաղաքական հայտարարությունները արձանագրությունում շարադրելու որևէ դատավարական պարտականություն, դրանք չի ներառել հարցաքննության արձանագրությունում, ինչն էլ Նարեկ Սամսոնյանը դարձրել է անհիմն շահարկումների առարկա` խեղաթյուրելով իրականությունը:
Քրեական գործի հանգամանքների ոչ վերաբերելի, քննիչի կողմից տրված հարցադրումներից ակնհայտորեն չբխող քաղաքական հայտարարություններ կատարելով` Ն. Սամսոնյանն ընդամենը խուսափել է իրեն ուղղված հարցադրումներին պատասխանելու` վկայի դատավարական պարտականությունները կատարելուց»,- ասված է հայտարարության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: