Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» լրագրող Տաթև Դանիելյանն իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է հունվարի 29-ին եթեր հեռարձակված իր ռեպորտաժի վերաբերյալ ՄԻՊ-ի գնահատականին:
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia հարգելի պարոն Թաթոյան, Ձեր ծավալուն ուսումնասիրության մեջ կար պնդում, թե Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրում հրապարակված նյութը խախտել է անմեղության կանխավարկածը: Ձեր շարադրանքի տրամաբանությունից բխում է, որ անմեղության կանխավարկածը խախտել են բոլոր այն լրատվամիջոցները, որոնք հրապարակել են գլխավոր դատախազության՝ դեկտեմբերի 27-ի հաղորդագրությունը, որտեղ նույն քրեական գործի նկարագրությունն է:
Հղումը՝ http://www.prosecutor.am/am/mn/7648/
Դուք անդրադարձել եք նաև լրագրողի բառապաշարին և գնահատականներին: Խնդրում եմ բերեք ռեպորտաժից մեկ օրինակ, որտեղ ես գնահատական եմ հնչեցրել: Ինչ վերաբերում է բառապաշարին. հաղորդավարի խոսքում օգտագործվել է «ենթադրյալ հանցագործություն» արտահայտությունը, լրագրողի ռեպորտաժում նշվում է, որ նկարագրությունները ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի դրվագներն են, օգտագործվում է՝ «ըստ ՀՔԾ-ի», «ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի», «ՀՔԾ-ն եզրակացրել է», «ըստ գործի», «նախաքննությունը պարզել է» արտահայտությունները:
Սոցիալական հարթակներում հրապարակված նյութը վերնագրված է՝ «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից»: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ շեշտել, որ այդ քրեական գործի և Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին հաղորդագրությունն ավելի վաղ տարածել էր դատախազությունը, որին հղում անելով հրապարակել էին բազմաթիվ լրատվամիջոցներ (որոնց, վստահ եմ՝ ծանոթ եք, և որքան հիշում եմ՝ չեք անդրադարձել)՝ առանց Հրայր Թովմասյանի կամ նրա պաշտպանների, առանց ՀՔԾ քննիչների կամ դատախազության ներկայացուցիչների մեկնաբանությունների:
Մարդու իրավունքների հարգելի պաշտպան, վերադառնալով անմեղության կանխավարկածի խախտման մասին պնդումներին. արդյոք անմեղության կանխավարկածի խախտման հնարավոր դեպք չէ՞ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի ձևակերպումը, թե հեռարձակված տեսանյութը «անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է»: Մարդու իրավունքների հարգելի պաշտպան, կա՞ արդոք դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ առ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը խախտել է քաղաքացու անմեղության կանխավարկածը: Չկա:
Մարդու իրավունքների հարգելի պաշտպան, անմեղության կանխավարկածի խախտման ենթադրյալ դեպք չէ՞ արդյոք Ձեր հայտարարությունը, թե՝ «Տեսանյութով թույլ է տրվել անմեղության կանխավարկածի պահպանման պահանջի խախտում»: Անմեղության կանխավարկածի հնարավոր խախտում չէ՞, երբ հեռուստաընկերություններից մեկը, ռեպորտաժ պատրաստելով մեր ռեպորտաժի մասին, ենթագրերում նշում է, որ «Հանրային հեռուստաընկերությունը նախաքննական գաղտնիք է հրապարակել»:
Հարկ եմ համարում չիմացողների համար մեջբերել Քրեական դատավարության մասին օրենսգրքի 201-րդ հոդվածը՝
Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:
Հիշեցնեմ՝ տվյալները «Լուրերին» տրամադրել է ՀՔԾ-ն:
Մարդու իրավունքների հարգելի պաշտպան, հույս ունեմ, որ Դուք նույն հետևողականությամբ կպաշտպանեք այլ մարդկանց իրավունքները, մասնավորապես՝ իմը»,- գրել է Տաթև Դանիելյանը: