Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսի ընթացքում անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակին՝ նշելով, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենն արտակարգ կոմիտեի հետ հանդիպումից հետո հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ: Գրանցվել է Չինաստանից դուրս մարդուց մարդ կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանում կուժեղացվեն կանխարգելիչ միջոցառումները:
Թորոսյանը նաև ներկայացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքը սահմանափակելու հնարավորության հարցը: Թորոսյանն ընդգծել է, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է, սակայն նույնիսկ որոշում կայացնելու դեպքում չի վերաբերի Չիաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին: Արսեն Թորոսյանը նաև ասել է, որ Չինաստանում Հայաստանի դեսպանատունը մի քանի ժամում ձեռք կբերի կորոնավիրուսը բացահայտող լաբորատոր թեստեր, և Հայաստանում նույնպես հնարավոր կլինի իրականացնել այդ հետազոտությունը:
«Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, որին մեր երկիրը վաղուց անդամակցում է և տիրապետում է, կատարվում են: Դրա մեջ է սահմանային հսկողությունից մինչև պացիենտների վերջնական ախտորոշումը և վարումը: Դուք գիտեք, որ բժշկական ախտորոշիչ թեստերի վերաբերյալ խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը: Հիվանդությունը նոր է՝ ախտորոշիչ թեստը նոր է մշակվում, սակայն մենք այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք մի չինական արտադրողի հետ թեստեր ձեռք բերելու համար, և մեր դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի, կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կիրառվեն»,- ընդգծել է Թորոսյանը: